Ռուսաստանը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք երեք երկրների (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի) փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշել է նա:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել այդ խմբի հերթական նիստը, որի շրջանակներում «կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ», իսկ հունիսի 16-17-ին քննարկումները շարունակվել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Ռուսական կողմը կշարունակի սերտորեն աջակցել այդ գործընթացին», - ընդգծել է Զախարովան: