Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկի բռնկումը համավարակ է հայտարարել
Առողջապահության համաշխարհային ցանցը (WHN) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է համավարակ։ Որոշումը պետք է հաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հունիսի 23-ի նիստում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։
58 երկրներում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի 3417 հաստատված դեպք։ Համավարակն արագ տարածվում է մի քանի մայրցամաքում։ Կազմակերպությունը երկրներին կոչ է արել անհապաղ և համաձայնեցված գլոբալ գործողություններ ձեռնարկել:
«Եթե միջոցներ չձեռնարկվեն շարունակական տարածումը կասեցնելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան, իսկ շատերը կդառնան կույր և հաշմանդամ», - ասվում է հաղորդագրությունում:
Կազմակերպությունը խորհուրդ է տալիս իրազեկել հանրությանը, ընդլայնել թեստավորման հասանելիությունը:
Նշենք, որ ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում գրանցել է հիվանդության ավելի քան 3 հազար հաստատված դեպք։ Վարակի դեպքեր կան Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Սլովենիայում, Չեխիայում, Վրաստանում և այլ երկրներում, փոխանցում է Sputnik Արմենիան։