Մոսկվան բավական վճռական է տրամադրված լուծել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման հետ կապված իրավիճակի հարցը, սակայն չի շտապում որոշումներ կայացնել, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ շտապել պետք չէ, բայց միևնույն ժամանակ, իհարկե, բավական վճռական ենք։Որոշ ժամանակ է պետք, մինչև որոշումներ կայացվեն»,- ասել է նա՝ մեկնաբանելով Կալինինգրադի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանի իշխանությունները այժմ լրջորեն վերլուծում են տեղի ունեցողը և արտաքին գործերի նախարարության միջոցով իրենց դիրքորոշումը փոխանցում այլ երկրների գործընկերներին։
«Ես նույնիսկ կասեի, ցավոք, նրանք արդեն ոչ թե գործընկերներ են, այլ մեր հակառակորդները»,- հայտարարել է Պեսկովը։
Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավոր է պատասխան քայլեր ակնկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի զեկույցից հետո, նա բացատրեց. «Այս իրավիճակը վերլուծելու համար ժամանակ է պետք: Կարծում եմ, որ այս նույն ընդդիմախոսներին նույնպես ժամանակ է պետք հասկանալու համար, որ պետք է ինչ-որ բան անել այս իրավիճակը կարգավորելու համար»,- հավելել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը: