Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Բաքվին և Երևանին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցում խորհրդատվական ծառայություններ մատուցելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Այս մասին փոխանցում է NEWS.am-ը:
«Ռուսական կողմը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանների սահմանազատման հարցում»,- ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Լավրովը։
«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ նա դրական է գնահատել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։
Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը սահմանների սահմանազատման շրջանակներում։
«Մենք այժմ քննարկում ենք հանդիպումների ժամկետները։ Ես հայկական կողմից ստացել եմ հաստատում, որ սահմանների սահմանազատման գործընթացը շատ կարևոր է»,- ասել է ԱԳ նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան և ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը։
Իր հերթին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող ձևաչափի պատանդ լինել։
«2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձևաչափը լիովին կաթվածահար է եղել։ Եվ այս տեղեկությունը մենք ստացել ենք տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ռուս գործընկերներից, բայց ոչ միայն։ Այս իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ մեզ համար առաջնայինը տարածաշրջանում երկարաժամկետ, ամուր և կայուն խաղաղության հասնելն է։ Եվ այս տեսանկյունից գործընթացը չի կարող ձևաչափի պատանդ լինել։ Բնականաբար, մենք չենք կարող կողմնորոշվել գոյություն չունեցող ձևաչափով»,- ասել է նա։