Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրության հարցը:
ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Արթուր Առաքելյանի , Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Առաքելյանը, ներկայացնելով իր տեսլականը, նշել է, որ իշխանությունների տարանջատման իդեալական կամ գրեթե իդեալական մոդելը ենթադրում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների օրենսդրորեն հավասարակշռված ինքնուրույնություն, երբ պետական մարմիններից յուրաքանչյուրն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները՝ չփոխարինելով մեկը մյուսին, բայց և երաշխավորելով ոչ միայն իր, այլև իշխանության մյուս ճյուղերի արդյունավետ գործառնությունը: «Իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսագործման վերջնանպատակը պետական իշխանության միասնական ապահովումն է՝ կանոնակարգված սահմանադրական կառուցակարգեր ստեղծելու միջոցով»,-ասել է Արթուր Առաքելյանը:
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է վեթինգի վերաբերյալ թեկնածուի կարծիքով: Արթուր Առաքելյանը նշել է, որ առաջնային է հասկանալ, թե ինչ է առհասարակ իրենից ներկայացնում վեթինգը, որից հետո նոր միայն հասկանալ՝ դրա կիրառումն անհրաժե՞շտ է, թե՝ ոչ: «Իմ կարծիքով՝ համատարած գործողություններ կատարել ցանկացած հարցի վերաբերյալ ճիշտ չէ, պետք է ցանկացած հարցի, ցանկացած մարդու ցանկացած խնդրի մոտենալ կոնկրետ այդ խնդրի հետ կապված հարցերով: Յուրաքանչյուր մարդու վերաբերյալ պետք է լինի անհատական մոտեցում»:
Հաջորդ թեկնածուն՝ Արա Բաբայանը, նշել է, որ Վարչական պալատի կենսագործումը նպաստելու է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով լիարժեքորեն իրականացնել Վճռաբեկ դատարանի առաքելությունը՝ ապահովելու օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Արա Բաբայանն այդ կարևորագույն առաքելության իրականացման հարցում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել:
Երրորդ թեկնածու Արծրուն Միրզոյանը ևս կարևորել է Վճռաբեկ դատարանի կազմում առանձին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումը: Նա անդրադարձել է վարչական դատարանի գործունեությանը, դատական նախադեպի ինստիտուտի առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքները վարույթ ընդունելու հարցին, բարձրաձայնել դատավորի բարեվարքությունը բնորոշող իր պատկերացումները: Թեկնածուի խոսքով՝ արդարադատության մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և արդյունավետ: Անձը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու իր իրավունքների իրականացմանը խոչընդոտող ցանկացած միջամտություն:
Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Սերգեյ Բագրատյանի՝ թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են դատարանների բեռնաթափման հարցում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դերակատարությանը, դատական գործերի ձգձգման պատճառներին, ինչի պատճառով հանրության շրջանում համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում: