Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ այս տարվա հուլիսի 6-10-ը հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման գրասենյակից, արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։
Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական և այլ սրբավայրեր։
Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
ՀԵՀԵՄ –ից հայտնում են, որ այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։