Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին է ասել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ես կառուցողական եմ համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյալ»,- ասել է նա։
Մհեր Գրիգորյանի խոսքով, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։