Աշխաբադում Կասպյան հնգյակի գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը, գրում է NEWS.am-ը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հանդիպմանը Ալիևն ասել է, որ «երկու երկրների միջև շատ լավ առաջընթաց է ձեռք բերվել մի շարք հարցերում, հատկապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և այլ ուղղություններով»։
Ռաիսին իր հերթին հայտարարել է, որ Ալիևի՝ Թեհրան, ինչպես նաև Իրանի նախագահի՝ Բաքու այցի պլաններ կան։ Նրա խոսքով՝ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները զարգացման ներուժ ունեն։
«Կարծում եմ, որ մենք դեռ չենք կարողացել օգտագործել մեր հարաբերությունների ամբողջ ներուժը։ Կարծում եմ, որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները կարող են ավելի զարգանալ»,- ընդգծել է Ռաիսին։
Խոսելով երկու երկրների հարաբերությունների պատմության մասին՝ Ռաիսին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ դժվար օրերին իր հարևանների բարեկամն է և երբեք չի թողնում իր ընկերներին դժվարությունների մեջ», հաղորդվում է Իրանի նախագահի կայքում։
Ռաիսին ընդգծել է, որ Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը։ Տարածաշրջանում անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել միայն տարածաշրջանի և դրա կասպյան հարևանների համագործակցության միջոցով, նշել է նա։