Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հունիսի 29-30-ը Վրաստանի Կաչրետի քաղաքում մի քանի տասնյակ հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումները, փոխանցում է Tert.am-ը:
«Ավարտվեցին երկօրյա ինտենսիվ և շատ օգտակար քննարկումները հայ և ադրբեջանցի պրակտիկանտների հետ», - Twitter-ում գրել է եվրոպացի պաշտոնյան:
Կլաարը մանրամասնել է, որ ավելի քան 40 հայ և ադրբեջանցի պրակտիկանտներ հանդիպել են կլոր սեղանի շուրջ, որը կազմակերպվել է Եվրամիության (ԵՄ), ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ, և քննարկել Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հնարավոր սցենարները:
Քննարկումները ներառել են սցենարներ տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտներում, գնահատվել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակությունների և արտաքին դերակատարների կողմից՝ բարձրացնելու հայերի և ադրբեջանցիների միջև երկարատև խաղաղության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների կենսունակ լուծումների հեռանկարները:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաստատել է կայուն խաղաղությանն ուղղված ԵՄ-ի շարունակական հանձնառությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «հայ – ադրբեջանական միացյալ խմբի» անդամներն են՝ Ստեփան Գրիգորյան, Տարոն Հովհաննիսյան, Գևորգ Մելիքյան, Ջոնի Մելիքյան, Բենիամին Պողոսյան, Ահմադ Ալիլի, Մեհման Ալիև, Շահլա Իսմայիլ, Սամիր Մամեդով, Ռամազան Սամադով, Անար Վալիև։