Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումներն ակտիվացնելու մտադրության մասին՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սև ծովում միջանցք ունենալը կարևոր հարց է, որի վերաբերյալ էական են Պուտինի և Զելենսկիի մոտեցումները: Մենք շարունակում ենք մեր բանակցությունները և ցանկանում, որ այս գործընթացը շարունակվի ՄԱԿ-ի հովանու ներքո՝ որպես միջնորդ։ Մենք կակտիվացնենք մեր բանակցությունները և 7-10 օրվա ընթացքում կփորձենք հասնել արդյունքի»,- ասել է Թուրքիայի նախագահը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Էրդողանը նաեւ կարծիք է հայտնել, որ «աշխարհում հացահատիկի լուրջ պակաս կա, որը հատկապես չափազանց շատ նկատվում է Աֆրիկայում»։