Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդը նախազգուշացրել է, որ Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արևելքում, ինչը «կսպառնա խաղաղությանն ամբողջ աշխարհում»,- NEWS.am-ի փոխանցմամբ գրել է Bloomberg-ը։
Լապիդը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան և Իսրայելը ընդհանուր առմամբ համաձայն են Իրանի հանդեպ նոր մոտեցման հարցում։ «Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ համաձայնագրի բովանդակության առիթով, բայց տարակարծիք չենք փաստերի վերաբերյալ»,- ասել է նա Ելիսեյան պալատում արած հայտարարությունում՝ նկատի ունենալով 2015թ. համաձայնագիրը, որը սահմանափակում էր Իրանի միջուկային գործունեությունը պատժամիջոցների թուլացման դիմաց։ «Փաստերն այնպիսին են, որ Իրանը խախտում է համաձայնագիրը և շարունակում զարգացնել իր միջուկային ծրագիրը»։
Ռազմավարական երկիմաստության իր քաղաքականության համաձայն՝ Իսրայելը չի հավաստում և չի ժխտում ատոմային զենքի ստեղծման ծրագրերի առկայությունը, բայց լայնորեն տարածված է այն կարծիքը, որ միակ միջուկային պետությունն է Մերձավոր Արևելքում։ Նրա սեփական չհայտարարված ծրագիրը մշակվել է մեկ տասնամյակ առաջ, և նա փոքրաթիվ երկրներից մեկն է, որոնք երբեք չեն ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որի նպատակն է ատոմային զենքի տարածման կանխումը։
Իրանը ստորագրել է այն և հայտարարում է, որ իր միջուկային աշխատանքը նախատեսված է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար։
Լապիդը մեղադրել է Իրանին անօդաչուների ստեղծման մեջ և ասել, որ Իսրայելը «ձեռքերը ծալած չի նստելու» «Հիզբալլահի» գրոհների հետ կապված։
Մակրոնը Իրանին քննադատել է Կատարում միջուկային բանակցությունների վերջին փուլում առաջընթացի բացակայության համար՝ ասելով, որ դեռևս հույս ունի, որ գործարք կկնքվի։ «Ուստի, մենք պետք է պաշտպանենք այս համաձայնագիրը, հաշվի առնենք տարածաշրջանում մեր բարեկամների, առաջին հերթին՝ Իսրայելի անվտանգության շահերը, և այն լրացնենք բալիստիկ հրթիռների վերաբերյալ էլ ավելի ակտիվ բանակցություններով և տարածաշրջանային գործողություններով»,- ասել է նա։ «Ես միայն կարող եմ ափսոսալ, որ Իրանը հրաժարվում է լավ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունից»։