«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Ինչու՝ միահամուռ հարցը Ռուբինյանին դուր եկավ, ու նա նշեց «մի քանի պատճառներից» երկուսը։
«Նախ՝ արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդը՝ մեր քաղաքական հավատանքի մեջ է մտնում նաև հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն»,- ասաց Ռուբինյանը, միաժամանակ քար նետելով փոքրամասնություն ընտրողների այգին, ասելով՝ «կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»։
ՔՊ-ն ոչինչ օրակարգ չի բերել, դա տեխնիկական հարց է, որ ավտոմատ կերպով գալիս է ԱԺ խորհրդի տիրույթ՝ անընդհատ պնդում էր Ռուբինյանը, անտեսելով լրագրողների հարցերն ու հիշեցումները, որ՝ իսկ ինչու ետքայլ արվեց ՍԴ դիմելուց։
Հետագա պարզաբանումից երևաց, որ ՔՊ-ն որոշել է դաստիարակել ընդդիմադիրներին, որ «չկարողանան փախչել», գլուխները կախ գնան ԱԺ, և չկարողանան կրկնել այն ամենը, ինչ ասել են փողոցներում՝ ՔՊ-ին, չկարողանան նայել ՔՊ-ի աչքերին...։