ՀՀ ՄԻՊ–ն Արմեն Գրիգորյանի մահից հետո պարզաբանումներ է պահանջել 2 գերատեսչությունից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հետևողական է լինելու, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել դատախազությունից և արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվան հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ»,– նշել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ մահացել է։