Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, օդերևութաբանները մտավախություն ունեն, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանը դեռ երկար կպահպանվի։ Կիրակի օրը Մադրիդում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 39 աստիճան։ Երկրի արևելքում գտնվող Դոն Բենիտոյում գրանցվել է ռեկորդային բարձր՝ 43,3 աստիճան, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով BNO News-ը։
Ինչպես տեղեկացրել է La Vanguardia կատալոնյան թերթը, Իսպանիայում հուլիսի 16-ին մահացել է առնվազն 360 մարդ։ Նրանցից 22-ը մահացել է Մադրիդում, ընդ որում՝ 60-ամյա մի հավաքարար տղամարդ՝ հենց աշխատանքի ժամանակ։ Եվս մեկ 50-ամյա տղամարդ մահացել է մայրաքաղաքից ոչ հեռու՝ Տորեխոն դե Արդոսում, փողոցում, ջերմային հարվածից։ Բժիշկները չեն կարողացել օգնել տուժածին, նրա մարմնի ջերմաստիճանը հասել էր 40-ի։
Ջերմաստիճանի ռեկորդը (Ցելսիուսի 47 աստիճան) գրանցվել է պորտուգալական Պինյանում հուլիսի 14-ին՝ ըստ Պորտուգալիայի ծովի և մթնոլորտի ինստիտուտի (երկրի ազգային օդերևութաբանական գործակալություն) տվյալների, տեղեկացրել է DW-ն։
«Երկյուղներ կան, որ շոգը կպահպանվի երկար ժամանակ (20 և ավելի օր) շատ շրջաններում՝ Պորտուգալիայից մինչև կենտրոնական Ֆրանսիա և Եվրոպայի հարավարևելյան շրջաններ։ Շոգը կարող է տևել մինչև հուլիսի վերջը և շարունակվել օգոստոսին»»,- ենթադրել է AccuWeather ամերիկյան կանխատեսումների ծառայության ավագ օդերևութաբան Թայլեր Ռոյսը։ Ըստ նրա՝ խոսքը Հունգարիայի, Խորվաթիայի արևելքի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Սերբիայի, Ռումինիայի հարավի և Բուլղարիայի հյուսիսի տարածքների մասին է։
Այս համատեքստում Ֆրանսիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում հրդեհներ են մոլեգնում, այրվել են տասնյակ քառակուսի կիլոմետր հողային տարածքներ, հազարավոր մարդիկ և զբոսաշրջիկներ ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից և հանգստյան գոտիներից, զոհվել են փրկարար ծառայության մի քանի աշխատակիցներ։
Սա վերջին մի քանի շաբաթներին արդեն շոգի երկրորդ ալիքն է Եվրոպայի հարավ-արևելքում։ Գիտնականները ծայրահեղ ջերմաստիճանների համար մեղադրում են կլիմայի փոփոխությանը և հետագայի համար կանխատեսում են երաշտի ավելի հաճախակի և ինտենսիվ շրջաններ։