Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է ուրբաթ օրը Թուրքիայից նորություններ ստանալ ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։
«Վաղը մենք Թուրքիայից նորություններ ենք ակնկալում մեր երկրի համար՝ մեր նավահանգիստների ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է նա հինգշաբթի իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հինգշաբթի օրը հայտնել է, որ հուլիսի 22-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որտեղ գտնվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը, տեղի կունենա հացահատիկի արտահանման համաձայնագրի արարողությունը։