Խերսոնի մարզում ստեղծվում է ընտրական հանձնաժողով, որը զբաղվելու է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու նպատակով հանրաքվե անցկացնելու հարցերով: Հանձնաժողովի կազմում կընդգրկվի յոթ անդամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խերսոնի շրջանի Գերագույն պետական վարչակազմի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծվել է Խերսոնի շրջանի ընտրական հանձնաժողով՝ բաղկացած յոթ անդամից՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, ինչպես նաև հայտարարվել է թեկնածուների առաջարկների ընդունում»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ հանձնաժողովը՝ ի թիվս այլ հարցերի, ձևավորվում է Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտցնելու նպատակով հանրաքվե անցկացնելու համար:
Մամուլի ծառայությունն ընդգծել է, որ «ազատագրված Խերսոնի շրջանի բնակիչները բոլոր իրավունքներն ունեն հայտնելու իրենց կարծիքը շրջանի ապագայի վերաբերյալ»:
Թեկնածուների առաջարկներ ընտրական հանձնաժողով կարող են ուղարկել հասարակական միավորումները, կազմակերպությունները և այլ կառույցներ: