Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված, թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, եթե Ադրբեջանի հարցը սկսի լուծվել, մեր դռները կբացենք։ Սակայն արդեն բացի խոսքից, սպասում ենք, որ Հայաստանը հստակ քայլեր կանի: Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված: Ի վերջո մեր երկրում 100 հազար հայ է ապրում, Թուրքիայի քաղաքացի հայեր կան, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ կան: Սա այս գործընթացին մեր մոտեցումն է ցույց տալիս: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված ձևով»,-հայտարարել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարն էր մեկնաբանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Օմեր Չելիքը հայտարարել է, որ գործընթացի հաջողությունը կախված է նրանից, թե «արդյոք Հայաստանը կպահի իր խոսքը»։
«Նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա»,-ասել է կուսակցական պաշտոնյան, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: