Եվրոպա մատակարարումների հետագա կրճատման մասին «Գազպրոմ»-ի հայտարարությունը «քաղաքական դրդապատճառներ ունի», ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը, հայտնում է NEWS.am:
«Մենք գիտենք, որ դրա համար տեխնիկական պատճառներ չկան։ Դա քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ և հենց այդ պատճառով էլ գազի սպառման կանխարգելիչ կրճատումը խելամիտ ռազմավարություն է»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես:
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի «ցանկացած պահի Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը»։
«Մենք պետք է գործենք հիմա, միասին հոգանք պատրաստվածության մասին և դրանով իսկ կրճատենք մեր պահանջարկը, ինչը թույլ կտա մեզ շարունակել համալրել մեր պահեստային տարածքները և փակել բացն առաջարկի և պահանջարկի միջև»:
Սիմսոնը խոստովանել է, որ անդամ երկրներն իսկապես տարբեր հանգամանքներ ունեն, սակայն լավատեսություն է հայտնել՝ հայտարարելով, որ օրվա վերջում քաղաքական համաձայնություն է ակնկալում:
Նշենք, որ «Գազպրոմ»-ը նախօրեին հայտարարել էր, որ կդադարեցնի Siemens տուրբինի շահագործումը «Պորտովայա» կոմպրեսիոն կայանում (CS): Ընկերությունը որոշումը բացատրել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ։ Տուրբինի` շահագործումից հանելու պատճառով «Հյուսիսային հոսքով» մղումը կնվազի օրական 33 միլիոն խորանարդ մետրով։