Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ: Այս մասին Asbarez.com-ին տված հարցազրույցում նշել է Գլենդելի քաղաքապետ։ Արտաշես Քասախյանը:
«Որպես Գլենդելի քաղաքապետ, որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի և Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի միջև: Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև հոկտեմբեր այն կհաստատվի»,-ասել է նա:
«Գրեթե շաբաթ չի անցնում, առանց լուրերի, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից հարձակում է իրականացվել Արցախի հայ խաղաղ բնակավայրերի վրա: Եվ մենք այստեղից, ինչպես պատերազմի ժամանակ, երբ հեռվից ենք հետևում գործընթացներին, զգում ենք մեզ թույլ՝ անկարող լինելով շոշափելի օգնություն ցուցաբերելու: Անշուշտ, ֆինանսական աջակցությունն առաջին միջոցն էր, որ Գլենդելի հայ համայնքը հատկացրեց մեր հայրենակիցներին պատերազմի օրերին, նաև՝ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրվեցին, և մարդիկ էլ կային, որ անձամբ մեկնեցին Հայաստան և Արցախ: Գլենդելից մի քանի բժիշկներ պատերազմի ժամանակ առաջնագծում էին, և առաջին օգնություն էին ցուցաբերում մեր զինվորներին», - նշել է Քասախյանը։
Նա հայտնել է, որ ինքն էլ որպես քաղաքապետ, որոշել է Գլենդելի և Մարտունու միջև քույր քաղաքների կարգավիճակի հաստատումով ներդրում ունենալ Արցախում: «Այս քայլը ցույց է տալիս, որ մենք նման հարաբերություն ունենք ոչ միայն այն քաղաքների հետ, որ գտնվում են Հայաստանի սահմաններում, բայց նաև՝ Արցախում, որ ինքս համարում եմ Հայաստանի, մեր պապենական հողերի և նրանց ժառանգության մաս: Անկասկած է այն փաստը, որ Արցախը հայկական հող է, և Մարտունին հայկական քաղաք, որ ունեցել է, ունի, և պետք է ունենա հայ բնակչություն: Քույր քաղաքների կարգավիճակի հաստատմամբ, Ամերիկայի ամենահայաշատ քաղաք Գլենդելը, հույսի մոմ կվառի Արցախում, Գլենդելում, և հուսով եմ նաև Հայաստանում՝ Մարտունու, որպես հայ քաղաք լինելու շարունակման»:
Արտաշես Քասախյանը հավաստիացրել է, որ քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաև գործնական քայլեր՝ մասնավորապես կզարգացվեն հարաբերություններ երկու քաղաքների կրթօջախների միջև: