Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի խոսնակ Միր Աքբար Ռազավին հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, որի հիման վրա երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, հայտնում է Mehr-ը։
Ռազավին հայտնել է, որ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարն այս գիշեր հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշի հետ։
Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև թռիչքների հաճախականության ավելացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի հիման վրա երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, ընդգծել է Ռազավին։
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների ավիաընկերություններին վերոնշյալ համաձայնագրով թույլատրվում է առանց թողունակության սահմանափակման բեռնափոխադրումներ իրականացնել:
Որոշվել է նաև համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ Իրանում արտադրված մասերի և սարքավորումների՝ Ռուսաստան արտահանման, ինչպես նաև իրանական վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիռների վերանորոգման և սպասարկման ծառայությունների և տեխնիկական աջակցության տրամադրման շրջանակներում, հավելել է Ռազավին: