Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աջակցություն է հայտնել D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությանը միանալու Ադրբեջանի հայտին՝ ասելով, որ D-8-ի ընդլայնումը և նոր անդամների ավելացումը, որպես գործիք կծառայեն նպատակների իրականացման համար, գրում է Tasnim-ը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել D-8 Նախարարների խորհրդի 20-րդ նիստում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում։
Իր ելույթում նա նշել է, որ Իրանը ողջունում է D-8-ին միանալու Ադրբեջանի պատրաստակամությունն ու ցանկությունը։
«Կազմակերպությունը պետք է արագ անցնի նոր անդամների ընդունմանը»,- ասել է նա՝ նշելով տնտեսական դիվանագիտությունը և հարևան ու մահմեդական երկրների հետ կապերի խորացումը որպես Իրանի արտաքին քաղաքական օրակարգում երկու առաջնահերթություն։
D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որը նաև հայտնի է որպես Developing-8, զարգացման համագործակցության կազմակերպություն է: Կազմակերպության մեջ ներառված են Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան։ D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության նպատակներն են համաշխարհային տնտեսությունում անդամ պետությունների վիճակի բարելավումը, դիվերսիֆիկացումը և առևտրական հարաբերություններում նոր հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացմանը միջազգային մակարդակով մասնակցության ընդլայնումը և կենսամակարդակի բարձրացումը: