Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը, հայտնում է NEWS.am-ը։
Նա նշել է, որ տարածաշրջանային ուղղությամբ իր աշխատանքում Ռուսաստանն առաջ է տանում բացառապես կառուցողական օրակարգ և չի պատրաստվում որևէ մեկի հետ մրցակցել։ «Մենք կառուցողական նպատակներ ունենք։ Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, ապա, ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների հիման վրա։
Մենք չենք առարկում ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման դեմ, եթե նրանք գործում են վերը նշված պայմանավորվածություններին համապատասխան և նպաստում են դրանց իրականացմանը: Գլխավորը կրկնօրինակում ու քողարկված խաղեր թույլ չտալն է՝ ինչ-որ մեկին թուլացնելու, գործը խափանելու նպատակով։ Ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ ստիպված ենք եղել առնչվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից նման պրակտիկայի հետ»,- ասել է Նեչաևը։