Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, փոխանցում է Panorama.am-ը։
«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»։
Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը»,- նշում են կուսկացությունից։
«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետևում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարեւանի հետ մեկտեղ»,- ասել է Ր. Հովհաննիսյանը։