Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի:
Տիար Նաջարյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ է փոխանցել Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցությունը բերելու համար:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը հայրենիքում նման նախաձեռնության իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել այս տարի առաջին անգամ իրականացված «Հրաշք» մարզախաղերի առնչությամբ, որոնց մասնակցել են մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 200 երեխա ու պատանի:
Հայոց Հովվապետը կարևոր է նկատել համահայկական մարզախաղերի անցկացումը, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում հայորդիներին միմյանց ճանաչելու, խանդավառելու, լավատեսության և հայրենասիրության ոգով լցվելու:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև Սփյուռքի հանրային կյանքի աշխուժացմանն ու զորացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնում: