Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները հարկ են գտել կրկնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի զրույցի մասին հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է Դոնֆրիդի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին, սակայն այսօր ԱՄՆ դեսպանատները կրկին մեկնաբանել են հեռախոսազրույցի բովանդակությունը։
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանին ու Ադրբեջանին տրված պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ օգնելու բացել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը սահմանին և շարունակել երկխոսությունը»,-ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։