ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում․ Զախարովա
ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է News.am-ը։
Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, խաղաղ համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների և պարամետրերի հասնելու համար։
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը նաև Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարևոր մաս է։ Մոսկվայի խորհրդատվական դերն այս գործընթացում արձանագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ։ Ինչպես հայտնի է, մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմ հանձնաժողով, և երկու երկրների սահմանին տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումները։ Մեր կողմից մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին Ռուսաստանի տարածքում։ Համոզված ենք, որ Ռուսաստանի եզակի, մասնագիտական կարողությունները հետխորհրդային տարածքում սահմանազատման առումով կարող են էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Մենք ելնում ենք նրանից, որ Երևանն ու Բաքուն կորոշեն որոշակի միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետներ»,-ասել է Զախարովան։