Մոսկվան ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կողմերին զսպվածության կոչ է անում, օգոստոսի 4-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, ամենակարևորը` իրականացնել եռակողմ հայտնի փաստաթղթերի բոլոր դրույթները», - ասել է նա։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին ներկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում նախատեսված չեն բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, սակայն խոսակցությունը կարելի է արագ համաձայնեցնել։
Բացի այդ, Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են քննարկել այս իրավիճակը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը։
Նա նաև մանրամասնեց, որ հայկական կողմի հետ սերտ շփումները տարբեր մակարդակներով կօգնեն պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։