Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի դեռ երկու երկրներն էլ չեն կատարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու իրենց պարտավորությունները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում։ Այն երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որտեղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության [PKK] անդամներն ազատորեն շրջում են փողոցներում, վնասում է դաշինքի արժեքներին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ կապված մենք հստակ և վճռական դիրքորոշում ունենք։ Քանի դեռ նրանք չեն պահել իրենց խոսքը, Թուրքիան իր հավանությունը չի տա ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում օտար երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպմանը։