ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին, կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունները։ Այս մասին ասված է երկուշաբթի օրը Սպիտակ տան կողմից տարածված պետության ղեկավարի աշխատանքային գրաֆիկում։
«Կեսօրից հետո նախագահը ելույթ կունենա և կստորագրի Ֆինլանդիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու արձանագրությունների վավերացման փաստաթղթերը»,- ասված է ժամանակացույցում։
Սպիտակ տանը ստորագրման արարողությունը կսկսվի ժամը 21:00-ին, որին կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սենատը բանաձև է ընդունել Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին փաստաթղթերի վավերացման մասին։