«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․
«Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որեւէ դիրքորոշում չեն հայտնել:
Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները։ Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է միջազգային նորմերի լույսի ներքո:
Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։ Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ․ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես միջազգային կառույցները։
Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։ Հրամայական է համազգային համախմբումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։ Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը:
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»։