Ինդոնեզիան շահագրգռված է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման կազմակերպմամբ G20-ի գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում, եթե առաջնորդներն անձամբ մասնակցեն այդ միջոցառմանը։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը։
« Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավերները վաղուց են ուղարկվել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի կողմից։ Եթե նրանք մասնակցեն Բալիում կայանալիք G20-ի գագաթաժողովին, ապա, իհարկե, [հանդիպում կազմակերպելու] հնարավորություն կլինի։ Իսկ Ինդոնեզիան ավելի քան պատրաստ է նպաստել նման հանդիպմանը։ Իհարկե, կցանկանայինք, եթե նախագահները գան»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի օգնական Միխայիլ Պոդոլյակը չի բացառել, որ Զելենսկին կգնա Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովին, եթե այնտեղ գտնվի Պուտինը։