Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայևը։
Նրա խոսքով՝ քաղաքական ակտիվ շփումների հետ միասին ինտենսիվ աշխատանք է տարվում նաև ռուս խաղաղապահների հետ, որոնք նախաձեռնում են անհրաժեշտ ջանքեր՝ իրավիճակը կայունացնելու համար. «Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երևանում ավելի վաղ քանիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը»։
Նեչայևը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին և 8-ին տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերը նշված բոլոր հարցերը, ներառյալ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ, խորհրդակցությունների նյութ են՝ լուծում գտնելու նպատակով, որը հարմար կլիներ ադրբեջանական և հայկական կողմերի համար։ Խնդրի զգայուն լինելը հաշվի առնելով՝ ռուսական կողմը չի բարձրաձայնում քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները»,- նշել է նա։