ՄԱԿ-ը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտող կողմերն իրենք են ունակ ապահովելու Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) շուրջ անվտանգության գոտին:
Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչպես կարող է իրականացվել Անտոնիո Գուտերեշի՝ ԶԱԷԿ -ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու կոչը։
«Չեմ կարծում, որ [ՄԱԿ-ի] խաղաղապահներ տեղակայելու մասին որեւէ քննարկում է եղել։ Կարծում եմ՝ կողմերն իրենք ունեն մեծ կարողություններ՝ զարգացնելու այն տեսլականը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուրվագծել է իր հայտարարության մեջ»,- ասել է Դյուժարիկը։
Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է Զապորոժիեի ատոմակայանի տարածքում «ռազմական գործողությունների» շարունակմամբ և հույս ունի ատոմակայանի և նրա հարակից տարածքների ապառազմականացման վրա։
«Մենք անհանգստացած ենք ատոմակայանում և շրջակայքում շարունակվող ռազմական գործողություններով», - ասել է Դյուժարիկը՝ նշելով, որ «ատոմակայանի և դրա շրջակայքի ապառազմականացումը հրատապ անհրաժեշտություն է»։