ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչի Ուկրաինայի մի շարք շրջանների մուտքը Ռուսաստանի Դաշնություն և իրադարձությունների նման զարգացման դեպքում արագ արձագանքելու են՝ Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի բռնակցված որևէ տարածք որպես ռուսական։ Եթե Ռուսաստանը շարունակի իրագործել այդ ծրագրերը, մենք արագ և կոշտ կպատասխանենք լրացուցիչ պատժամիջոցներով»,- ասել է նա։
Նրա խոսքով, բացի այդ, ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին «օգնելու Ուկրաինային վերադարձնել այդ տարածքը և այն պահպանել Մոսկվայի ձեռքից»։