Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին իր «կարմիր գծերի» մասին, որից հետո հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների խզում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը։
Դիվանագետին հարցրել են, թե դիտարկվու՞մ է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացման հնարավորությունը։ «Ես չէի ցանկանա հիպոթետիկ քննարկումների գնալ այն մասին, թե ինչն է հնարավոր և ինչը՝ ոչ ներկայիս անհանգիստ իրավիճակում, երբ արևմտամետները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ոտնահարել են միջազգային իրավունքը և դիվանագիտական պրակտիկայում բացարձակ տաբուները»,- ասել է Դարչիևը։
«Այս համատեքստում ես կնշեմ Կոնգրեսում այժմ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը՝ Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր երկիր» հռչակելու մասին։ Եթե այն իրագործվի, դա կնշանակի, որ Վաշինգտոնն անցել է «կարմիր գծերը»՝ երկկողմ դիվանագիտական հարաբերություններին ամենալուրջ ու կոպիտ վնասը հասցնելով, ընդհուպ մինչև դրանց մակարդակի անկում և նույնիսկ հարաբերությունների խզում: Ամերիկյան կողմը նախազգուշացված է»,- ընդգծել է ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը: