ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ հավանություն է տվել գնաճի նվազեցմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթին, որը նախատեսում է իշխանությունների կողմից 430 մլրդ դոլարի հատկացում։ Հեռարձակումն իրականացվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 220 դեմոկրատներ աջակցել են նախաձեռնությունների փաթեթին, դեմ՝ 207 հանրապետական։
Սենատն անցած շաբաթ հավանություն է տվել այս փաթեթին, այժմ այն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորգրելու: Նա նախկինում հայտարարել էր, որ մտադիր է դա անել։
Օրինագիծը, որն ունի 755 էջ տեքստ, ներառում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը, նվազեցնել հանրային առողջապահական ծախսերը և պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Բացի այդ, նախատեսվում է մեծացնել խոշոր կորպորացիաների հարկումը, որը մասամբ պետք է ապահովի առաջարկվող ծրագրերի համար անհրաժեշտ միջոցների հոսքը։ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ այս բոլոր միջոցները ապագայում կնվազեցնեն երկրում գնաճը։ Իշխող Դեմոկրատական կուսակցությունը աջակցում է այս քայլերին։ Ներկայացուցիչների պալատն ընդհատել է ամառային արձակուրդը՝ փաթեթի քվեարկության համար։