ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի։
«Թուրքիայի կողմից F-16-ի գնման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում: Հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ այս հարցը օրակարգում կլինի», - ասվում է թուրքական թերթի հրապարակման մեջ։
Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։ Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Հունաստանն ակտիվորեն դեմ է գործարքին։ Սա էր պատճառներից մեկը, որ Էրդողանը հրաժարվեց շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։