Իրանը ցանկանում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրաքի պաշտպանության համալսարանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սաադ Միժեր Մոհսեն Ալ Ալաքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, տարածաշրջանը, որտեղ գտնվում են երկու երկրները, առաջնահերթ նշանակություն ունի, նրանք ունեն նաև էներգառեսուրսների մեծ պաշար, ինչն աշխարհի որոշ քաղաքական գործիչների հանգեցրել է երկրների ռեսուրսները շահագործելու գաղափարին։
Նա նշել է, որ երկու երկրների անվտանգության և շահերի ապահովումը պահանջում է երկու կողմերի համագործակցությունը՝ հավելելով, որ փոխգործակցության մեծացումը կամրապնդի նաև տնտեսական համագործակցությունը։
Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»։
Ալ Ալաքը նաև նշել է, որ Իրաքի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի միջև ստեղծվել է տեղեկատվության փոխանակման կենտրոն՝ միջազգային ասպարեզում նրանց համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։