Նոր միջանցքի պահպանությունը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները․ Արայիկ Հարությունյան

18:04     15 օգոստոսի, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:
 
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն  այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:
 
Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս:


© armedia.am