Չեխիայի կառավարությունը մտադիր է շարունակել ակտիվորեն համապարփակ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային, ասել է վարչապետ Պյոտր Ֆիալան։
Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում է այն զգացողությունները, որոնք այժմ ունեն Ուկրաինայի քաղաքացիները: «1968 թվականին «բարեկամական» երկրների տանկերն ընդհատեցին դեմոկրատական բարեփոխումների գործընթացը մեր երկրում: Ուստի մենք փետրվարի 24-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք բազմակողմանի օգնության ցուցաբերմանը ուկրաինական ժողովրդին՝ նրան ուղարկելով այժմ անհրաժեշտ դեղամիջոցներ և բուժսարքավորումներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա»,-ասել է Ֆիալան:
Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախարարների կաբինետը ցանկանում է օգտագործել իր ներկայիս դիրքը՝ որպես ԵՄ նախագահող երկիր՝ այլ երկրներին մշտապես հիշեցնելու Ուկրաինային երկարաժամկետ և կարճաժամկետ օգնության անհրաժեշտության մասին։
«Մենք Կիևի հետ բանակցություններ ենք վարում այդ երկրի քաղաքների և գյուղերի հետպատերազմյան վերականգնման շուրջ: Ցանկանում ենք ԵՄ-ի գծով գործընկերների հետ միասին օգնել ուկրաինացիներին դպրոցների և մյուս մանկական հաստատությունների, հիվանդանոցների, քաղաքացիական օբյեկտների վերանորոգման գործում, այն ամենի, ինչն Ուկրաինայում մարդկանց անհրաժեշտ է նորմալ կյանքի համար: Մենք կշարունակենք աջակցել Կիևին դիվանագիտական ուղիներով և, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- ասել է Ֆիալան: