Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է նիստն անցկացնել դեկտեմբերի 1-2-ը։ Սրան ի պատասխան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ Հայաստանից իր գործընկեր Նիկոլ Փաշինյանը նախապես առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը։
«Ինձ թվում էր, որ մենք պայմանավորվել ենք դրա [ամսաթվի] շուրջ»,- հավելել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Դրանից հետո վարչապետները հերթական անգամ քննարկել են հաջորդ հանդիպման ժամկետը և համատեղ որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերին։