Չինաստանի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ ռազմածովային ուժերին դադարեցնել սադրանքները և ուժի ցուցադրությունը՝ նավագնացության ազատության պատրվակով։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Թայվանի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի անցումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նավարկության ազատության դրոշի ներքո ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը ուժի ցուցադրություններ են իրականացնում։ Սա ոչ թե նավագնացության ազատությունն ապահովելու պարտավորություն է, այլ սադրանք է դրա դեմ, որի նպատակը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը դիտավորյալ վնաս հասցնելն է»,- ասել է նա։
«Չինական կողմը ևս մեկ անգամ կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել «Մեկ Չինաստան» սկզբունքի արատավորումը, պղտորումը ու այլասերումը, ինչպես նաև կոչ է անում խստորեն պահպանել այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պետությունների ներքին գործերին չմիջամտելու հիմնական միջազգային նորմերը և իսկապես կատարել չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները»,- եզրափակել է դիվանագետը։