Հարավային Կովկասում ԵՄ գործունեությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով. ՌԴ ԱԳՆ
ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է News.am-ը։
«Մոսկվան, Երևանի և Բաքվի հետ միասին, կենտրոնացած են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման վրա», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակներում աշխատանքն առարկայական բնույթ է կրում։ Նա այս համատեքստում նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման եռակողմ աշխատանքային խմբի օրինակը։
«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությամբ։ Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են, որոնք ավելի շատ միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի են նման»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, աշխատում է, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքների է բերում, որոնք համապատասխանաբար գնահատվում են Երևանի և Բաքվի կողմից։