Յոթնյակի խմբի (G7) երկրների ֆինանսների նախարարները նախատեսում են մտցնել ռուսական նավթի և նավթամթերքների շեմային մակարդակ, որի համար ցանկանում են ստեղծել «լայն միջազգային կոալիցիա» և արգելել ռուսական նավթի ծովային փոխադրման համար որևէ ծառայությունների մատուցումը, եթե այն վաճառվի «լայն կոալիցիայի» կողմից համաձայնեցված գնից ավելի բարձր գնով: Այս մասին նշվում է ուրբաթ օրը Բեռլինում G7 երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վերահաստատում ենք մեր համատեղ քաղաքական մտադրությունը՝ վերջնական տեսքի բերելու և կիրառելու համաշխարհային մասշտաբով հում նավթի և ռուսական ծագման նավթամթերքների ծովային ճանապարհով փոխադրումների ծառայությունների համապարփակ արգելքը։ Նման ծառայությունների մատուցումը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե նավթը գնվի պետությունների լայն կոալիցիայի կողմից սահմանված գնային շեմով կամ դրանից ցածր գնով»,- ասվում է հայտարարությունում:
Դրանում ընդգծվում է, որ գնային շեմի նպատակն է «կրճատել Ռուսաստանի եկամուտը և նրա ֆինանսական կարողությունները», որն ուղղվում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը: