«Չհանձնվել, չհուսահատվել, չհուսալքվել․ պայքարը պետք է շարունակել, և վերջ»,- հանրահավաքի ժամանակ գործող իշխանություններին հեռացնելու պայքարը շարունակելու վճռականության մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Aysor.am-ը:
Դիմելով հանրությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսուհետև ավելի մանրամասն ներկայացնելու են պայքարի տեսլականը, ռազմավարությունն ու ծրագրերը։
«Հայաստանը՝ Նիկոլից հետո․ այսինքն, բոլոր ոլորտներում և ուղղություններով պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, ռազմավարությունը, որպեսզի մարդիկ տեսնեն՝ ելք կա, հնարավորություն կա։
Նիկոլով որևէ հնարավորություն չկա։ Առանց Նիկոլ՝ կա։ Կա ծրագիր, կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի վիճակի են գալ, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներն այնքան մեծ են, որ որևէ անհատ կամ քաղաքական ուժ միայնակ ամեն ինչ փոխել չի կարող, ուստի ամբողջ ժողովրդի ռեսուրսն է պետք համախմբել ու հասնել արդյունքի։
«Մենք պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ռեսուրսը և ներկայացնենք մեր տեսլականը բոլոր ուղղություններով և ձեզ ցույց տանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձևը։ Կերտելու ենք և անելու ենք միասին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։