Գերմանիան դժվար թե փոխի իր նախնական դիրքորոշումը և համաձայնի Leopard 2 մարտական տանկեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, երեքշաբթի հայտնել է Die Welt թերթը՝ հղում անելով ուկրաինական կառավարական շրջանակների աղբյուրներին։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել Է, որ սեպտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2 տանկերի մատակարարումների հարցը:
Ինչպես այժմ գրում է Die Welt-ը, Գերմանիայի կաբինետի ղեկավարն այս թեմայով քննարկման ժամանակ կոնկրետ խոստումներ չի տվել։ Հրատարակության համաձայն՝ նա «պատրաստակամություն չի ունեցել» փոխել իր ներկայիս դիրքորոշումը և հավանություն տալ հարձակողական զինատեսակների առաքմանը։ Մինչդեռ, ինչպես նշում է թերթը, Ուկրաինան իբր տակավին ապրիլից ունի Krauss-Maffei Wegmann (KMW) պաշտպանական կոնցեռնի առաջարկությունը հինգ ու կես տարվա ընթացքում 100 միավոր Leopard 2 գնելու վերաբերյալ: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ եվրո, սակայն նման առաքումները դեռ պահանջում են պաշտոնական Բեռլինի հավանությունը:
Պաշտոնապես KMW-ն հարցում չի ուղարկել կառավարություն, գրում է թերթը։ Շոլցն ավելի վաղ ասել էր, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին, սակայն պատրաստ չէ միակողմանի քայլերի։