Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԳԴՀ-ն անհրաժեշտ է համարում կիսել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման բեռը և պատրաստ է ստանձնել հակաօդային պաշտպանության համակարգերի և հրետանու տրամադրումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անում ենք այն, ինչ ճիշտ է և անհրաժեշտ։ Բայց այդ բեռի որոշակի բաշխումն իմաստ ունի»,- ասել է Շոլցը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լրագրողի այն պնդումը, որ Բեռլինի կողմից Կիևին գերմանական Leopard II մարտական տանկեր մատակարարելու շուրջ կտրականապես մերժում չկա։
«Գերմանիան կարող է կենտրոնանալ հակաօդային պաշտպանության և հրետանու վրա»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունն Ուկրաինայում այն «շրջադարձային կետն է», որը իր «հետևանքներն է թողնում» ԵՄ-ի վրա։
«Մասնավորապես, մենք ստիպված ենք ևս մեկ անգամ ավելի մեծ կարևորություն տալ մեր երկրի և դաշինքի պաշտպանությանը, քան նախկինում: Այստեղ ԵՄ-ն պետք է ավելի սերտ համագործակցի, օրինակ՝ զենքի գնման հարցում», - ասել է Շոլցը։