Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։
«Այս պահին՝ ոչ։ Ես նրանց կողմից կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։
Նախագահը դրական պատասխան է տվել նաև այն հարցին, որ «պայքարելու է մինչև վերջ»։
«Ես գիտեմ, որ որոշ երկրներ մեզ մղում են դեպի Մինսկի գործընթաց։ Ես ուզում եմ, որ աշխարհն ընդունի, որ դիվանագիտական լուծումը մի հարց է, Մինսկ-2, -3, -5, -10-ը մեկ այլ հարց: Սրանք երկու տարբեր բաներ են, քանի որ Մինսկը դատարկ թղթի կտոր է»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Դոնբասում հակամարտությունը լուծելու մինսկյան պայմանավորվածությունները:
Նա հավելել է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիր կարող է կնքվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական տարածքները։