ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությանը։ Այս մասին ասված է կիրակի օրը Սպիտակ տան կողմից տարածված պետության ղեկավարի աշխատանքային գրաֆիկում։
«Շաբաթ օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին: Նախագահը և առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական հուղարկավորությանը»,- ասվում է փաստաթղթում։
Կիրակի օրը Բայդենն ընդունել է թագուհու հուղարկավորությանը մասնակցելու պաշտոնական հրավերը։ Ավելի վաղ նա հայտարարել էր հուղարկավորությանն անձամբ մասնակցելու մտադրության մասին։
CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը, պարզաբանել է, որ հուղարկավորությանը մասնակցելու հրավերը բացառապես ԱՄՆ նախագահին ու նրա կնոջն է ուղղված։ Այսպիսով, Բայդենը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ առանց պաշտոնական պատվիրակության ուղեկցության։
Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետի հանգչելու վերջին տեղը կդառնա XVI դարում կառուցված՝ Սուրբ Գևորգի մատուռը Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող՝ Գևորգ VI-ի հուշամատուռում:
Եղիսաբեթ II-ը, որը մահացել Է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, կառավարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատև՝ 70 տարի և յոթ ամիս: Նոր տիրակալ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել է Կառլոս III անունը: Մեծ Բրիտանիայում հայտարարված ազգային սուգը կտևի մինչև Նորին Մեծության հուղարկավորությունը: Կառլոս III-ի թագադրությունը տեղի կունենա մի քանի ամիս հետո, օրն առայժմ հայտարարված չէ: