Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ, Ազգային ժողովի նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, փոխանցում է Aysor.am-ը։
Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։
Ծրագրի նպատակն է աջակել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ, ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի, արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը, ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն:
«ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի նախագծերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում է էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, որը որոշակի խնդիրներ է ստեղծում», - ասաց ՊԵԿ փոխնախագահը: